Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տուգանքի արձագանքը

Տուգանքի արձագանքը
25.11.2016 | 10:50

Խմբագրություն դիմած Երևանի Սարի թաղի 8-րդ փողոցի 48 տան բնակիչ Իրինա Ղազարյանը բողոքում էր «Սանիթեք» ընկերության աշխատակիցների վերաբերմունքից, ինչի պատճառով Էրեբունի վարչական շրջանը տուգանել է իրեն 20 հազար դրամով։ Ներկայացնենք քաղաքացու պատմությունը։


Անցած ամռանը քաղաքացին պարտադրված փոխում է իր տան կոյուղագծի փտած չուգունե խողովակները, պայմանավորվելով «Սանիթեքի» աշխատակիցների հետ, որ վերջիններս, որոշակի գումարի դիմաց, ժամկետանց խողովակները տեղափոխեն իր բակի դիմացի հատվածից։ Խողովակներից զատ, փողոցի այդ հատվածում տիկին Իրինան դարսում է շինարարության համար պահանջվող քարերը։ Պայմանավորված օրը «Սանիթեքի» անփույթ աշխատակիցները չեն ներկայանում, ներկայանում են Էրեբունի վարչական շրջանի փութեռանդ ներկայացուցիչները և, տեսնելով փողոցում կիտված շինարարական աղբը, առանց աչքը թարթելու տուգանում են քաղաքացուն։ Վերջինս դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանն էլ նրա դիմումը հասցեագրում է Էրեբունի վարչական շրջան, որտեղից էլ տեղեկացնում են, որ վարչական շրջանի ղեկավարի N Վ-20/7, 15.07. 2016 թ. որոշմամբ բնակչի նկատմամբ սահմանվել է 20000 դրամ վարչական տուգանք։ Ըստ վարչական շրջանի ղեկավար Ա. Հարությունյանի գրության՝ «Որոշումը մտել է ուժի մեջ, 26.09.2016-ին դարձել է անբողոքարկելի և ներկայացվել է ԴԱՀԿ կատարման, ուստի N Վ-20/7 որոշումը ենթակա է պարտադիր կատարման»։

Իհարկե, հաճելի է տեղեկանալ, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակազմը նախանձախնդիր են կարգ ու կանոնի պահպանման խնդրում։ Հուսանք, որ նրանք անխտիր տուգանում են ոչ միայն անապահով խավին։ Հուսանք նաև, որ «Սանիթեք» ընկերությունը քաղաքացու օգնությամբ կպարզի, թե ովքեր են այն աշխատակիցները, որ միայն դրամական փոխհատուցմամբ են համաձայնել տեղափոխելու կոյուղու խողովակները, բայց մի օր ուշացել են և բնակչին գցել տուգանք վճարելու գլխացավանքի մեջ՝ միաժամանակ ստվեր գցելով ընկերության բարի համբավի վրա։ Որպեսզի այս պատմությունը բանական և բարոյական ավարտ ունենա, հարկ է, որ «Սանիթեքի» կարգազանց աշխատակիցները պատժվեն, և վերականգնվի քաղաքացու դրամական կորուստը՝ 20000 դրամ տուգանքի և 5 հազար դրամ հարկադիր վճարի տեսքով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ